Սիրիայի Հալեպ քաղաքից գաղթած զբոսաշրջային ընկերության նախկին գործակալը թխվածքաբլիթների արտադրության միջոցով, սոցիալական լրատվամիջոցների օգնությամբ, հաջողությամբ նոր կարերիա է սկսել Հայաստանում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն (ՄԱԿ ՓԳՀ) իր կայքում հոդված է հրապարակել 2011 թվականի մարտին Սիրիայում բռնկված պատերազմի հետևանքով 12 հազար սիրիահայերի նման Հայաստան գաղթած Ազնիվ Քույումջյանի մասին, ով Հայկական Կարմիր խաչ ընկերության և կառավարության կողմից սկսնակ ձեռներեցներին օժանդակող ծրագրի միջոցով կարողացել է իր գործը հիմնել Հայաստանում:

 

27-ամյա Ազնիվ Քույումջյանը հայրենի Հալեպ քաղաքն ստիպված լքել է 2012-ին և շատ շատերի նման, հաստատվելով պատմական հայրենիքում, փորձել է աշխատանք գտնել տեղի բարդ տնտեսական և լեզվական արգելքների պայմաններում:

 

ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորած ծրագրի շնորհիվ սկսնակ գործարարն իր գործընկերոջ'Սևան Թեքքելյանի հետ փոքր վարկ, թխելու համար պարագաներ և բիզնեսավարման դասընթացների մասնակցութան հնարավորություն ստացան, որի արդյունքում ստեղծվեց Sweetheart.am-ը:

 

Կանայք թխվածքաբլիթներ էին թխում և դրանք առցնաց վաճառում' առաջին անգամ օգտագործելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը: Գործն սկզբից դանդաղ էր առաջ շարժվում: «Հայկական ավանդական բոլոր թխվածքաբլիթները շատ համեղ են: Երևանում բազմաթիվ հրուշակեղենի խանութներ կան, որոնք գործում են երկար տարիներ և սկսնակ բիզնեսների համար անհնար է մրցել նրանց հետ: Ուստի, անհրաժեշտ էր նոր բան առաջարկել»,- մեկնաբանել է Ազնիվ Քույումջյանը:

 

Իսկ մարտին սիրիահայ կանայք արժանացան ՀՀ վարչապետի մրցանակին' լավագույն «start-up business» մոդելի համար:

 

Սիրիայում ապրած կյանքն այժմ հեռավոր անցյալում է թվում նրա համար: Չնայած Ազնիվ Քույումջյանը շարունակում է կարոտել Հալեպը, բայց ոչ մի ցանկություն չունի վերադառնալ և ապրել պատերազմի մեջ գտնվող երկրում: «Այցելել' այո, բայց գնալ և մնալ այնտեղ' ոչ»,- ասում է գործարարը' հավելելով, որ Հայաստանն արդեն իրենց տունն է դարձել: