«Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակ» հայկական հաքերային խումբը 360 թուրքական կայք է կոտրել' կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից: Հաքերները Հայոց ցեղասպանության մասին պատմող համապարփակ տեղեկատվություն, լուսանկարներ և շուրջ մեկ տասնյակ վավերագրական տեսաֆիլմեր են տեղադրել հարձակման ենթարկված կայքերում' կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Մարտիրոսյանի խոսքով' հարձակումն իրագործած հաքերային խումբը վերջերս է ձևավորվել և գնալով ավելի ու ավելի է ակտիվանում: Հուլիս-օգոստոսին, երբ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում բախումների ակտիվացմանը զուգահեռ ինտենսիվացել էին նաև կիբեր հարձակումները հայ և արդբեջանցի հաքերների կողմից, այս խումբը կոտրել էր տասնյակ ադրբեջանական կայքեր:

 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի' 1915թ. մայիսի 24 համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

 

Թուրքիան շարունակում է ամեն կերպ' պատմության նենգափոխում, քարոզչական միջոցներ, լոբբի և այլն, պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: