Սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ շատ խոսվեց, սակայն ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի կարծիքով՝ իրադարձություններն այդպիսին չէին, որ նման ուշադրություն դարձվեր:

 

«Այդպիսի դեպքեր բանակում հաճախ են լինում»,- այսօր Ստեփանակերտում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Մովսես Հակոբյանը և հավելեց. «Վերջին իրադարձություններն առանձնացան նրանով, որ որոշակի մասշտաբային են եղել, մի քանի ուղղությամբ է հակառակորդը ներթափանցման փորձեր արել, այդպիսի հինգ փորձ է եղել: Բոլոր ուղղություններով հայ դիրքապահներն իրենց պարտականությունները կատարել են»,- ասաց նա:

 

ՊԲ հրամանատարը նշեց, որ դեպքերի ընթացքում հայկական կողմն ունեցավ երեք զինվորի և երեք սպայի կորուստ, ովքեր զոհվեցին իրենց դիրքը, ընկերներին պաշտպանելու համար:

 

Մովսես Հակոբյանի խոսքով՝ միառժամանակ հակառակորդը զերծ կմնա նմանատիպ գործողություններից. «Մենք այսօր էլ պատրաստ ենք, պատասխան տալ նման գործողություններին»,- ասաց նա: