Հանրապետությունում ավագ դպրոցների մասով հանրային ակնկալիքը դեռևս բավարարված չէ: Այս մասին օգոստոսի 27-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ընթացքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ընդգծեց, որ երբ իրեն հարցրնում են՝ կայացե՞լ են, արդյոք, Հայաստանում ավագ դպրոցները, ինքը միանշանակ պատասխան չի տալիս:

 

«Այսօր էլ չեմ տալու, որովհետև ավագ դպրոցների շարքում մենք ունենք շատ լավ աշխատող, կայացած ավագ դպրոցներ, որոնք հասկանում են, թե ինչի համար են նման կարգավիճակ ստացել: Մենք ունենք նաև ավագ դպրոցներ, որոնք, ցավոք, հեռու են իրենց ուսումնառության կազմակերման մակարդակով և որակով այն տեսլականից, որ դրված է մեր քաղաքականության հիմքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արմեն Աշոտյանը:

 

Նախարարի խոսքով' ակնկալիքն ավագ դպրոցից դեռևս բավարարված չէ: «Մենք ունենք տարբեր ավագ դպրոցներ: Հաճախ ինձ զանգահարում են և հարցնում՝ ո՞ր ավագ դպրոցը կարելի է տանել երեխային, ո՞ր ավագ դպրոցն է լավը: Ամեն մի երեխայի համար համապատասխան խորհուրդ տալը մեծ պատասխանատվություն է»,- հավելեց Աշոտյանը:

 

ՀՀ ԿԳՆ նախարարն ընդգծեց, թե ուրախ է, որ հանրապետությունում կան ավագ դպրոցներ, որոնք փայլուն շրջանավարտներ են տալիս, միջազգային և հանրապետական օլիմպիադաների հաղթողներ:

 

Նախարարը պատասխանեց նաև ավագ դպրոցների տնօրենների հարցերին' ընդգծելով, որ նրանք պետք է ավագ դպրոցը գրավիչ դարձնեն աշակերտների համար: Աշոտյանն նշեց, որ հետևելու է հաճախումներին, և բացակայությունների խնդիրը կլինի նրա ուշադրության կենտրոնում: Նա նաև խոսեց ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման մասին, ինչպես նաև տեղեկացրեց, որ որոշ դպրոցներ վերանորոգվելու և զինվելու են էլեկտրոնային լաբորատորիաներով:

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է 2014-2015 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի' օգոստոսի 26-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով, հանրապետության մարզերում և մայրաքաղաքում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ: