ՀՀ ճանապարհային ոստիկանությունն արդեն սկսել է աշխատանքները ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված ճանապարհային երթևեկության անվտանգության միջոցառումների իրականացման ուղղությամբ: Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը:

 

«Ի տարբերություն նախորդ տարիների, մենք ա յս տարի ոստիկանապետի գրավոր կարգադրությամբ աշխատանքները սկսել ենք օգոստոսի 25-ից և կշարունակենք մինչև հոկտեմբերի մեկը: Բոլոր այն դպրոցներում, որոնք գտնվում են ճանապարհների վրա, ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև անչափահասների գծով տեսուչներ: Մենք արդեն այցելություններ ենք կատարել մայրաքաղաքի բոլոր այն դպրոցները, որոնք գտնվում են ճանապարհների վրա: Այդ դպրոցների տնօրենների հետ քննարկել ենք իրականացվելիք աշխատանքների ընթացքը: Թարմացրել ենք բոլոր ճանապարհային նշանները, նոր հետիոտնային անց ումներ ենք ավելացրել այն տեղերում, որտեղ անհրաժաշետ է եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

 

Նորիկ Սարգսյանը ծնողներին կոչ է անում ամառային հանգստից հետո երեխաներին հասկացնել, որ այս ամենն արվում է իրենց իսկ անվտանգության համար: «Ծնողները ևս մեզ պետք է օգնեն անվտանգության ապահովման հարցում: Ինչպես նաև բոլոր վարորդներին կոչ ենք անում լինել ավելի զգոն»,- ասաց Սարգսյանը:

 

ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետը նաև տեղեկացրեց, որ իրենք սեպտեմբերի 10-ից դպրոցներում երեխաների հետ պարապմունքներ են անցկացնելու և նրանց փոխանցելու են ճանապարհատրանսպորտային երթևեկության տարրական կանոնները: «Մենք անցած տարի ուսումնական տարվա վերջում անցկացրեցինք այդ պարապմունքները, իսկ այս տարի արդեն մեկնարկից սկսելու ենք այդ պարապմունքները»,- ասաց Սարգսյանը: