Հայաստանը Մրցունակության համաշխարհային ինդեքսում անցումային փուլից բարձրացել է զարգացման փուլ' արդյունավետության ավելացման հիման վրա, քանի որ բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցել է 3 հազար ԱՄՆ դոլարը:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը: «Եթե այդ ցուցանիշի առումով գնահատենք ԱՊՀ երկրները, ապա այստեղ առաջին տեղերում են Ղազախստանը եւ Ռուսաստանը, որոնք արդյունավետության փուլից նորարարությունների զարգացման փուլ անցնելու ճանապահին են: Նրանց հետեւում են Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան, մի փոքր զիջում են Ադրբեջանն ու Մոլդովան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտնեց բանախոսը:

 

Հայաստանը 2014թ. Մրցունակության համաշխարհային ցուցանիշում իր դիրքերը զիջել է 6 կետով' 114 երկրների թվում զբաղեցնելով 85-րդ հորիզոնականը: «Զեկույցում մրցունակության գնահատման գրեթե բոլոր ցուցանիշներով Հայաստանի դիրքերը համարյա չեն տարբերվում զարգացման նույն մակարդակում գտնվող այլ երկրների դիրքերից' բացառությամբ երկու ցուցանիշների. առաջինը շուկայի չափերն են, որի հետ կապված մեր տարբերությունը զգալի է' օբյեկտիվ պատճառներով պայմանավորված:

 

Երկրորդը' մակրոտնտեսական կայունությունը, որում Հայաստանը նույնպես ներկայացված է ավելի թույլ դիրքից' անցումային փուլում գտնվող մյուս երկրների համեմատությամբ»,- ասաց Հերգնյանը:

 

Վարկանիշային աղյուսակում Հայաստանի մոտ հարևաններն են Մոլդովան, Իրանը, Ջամայկան, Թունիսը, իսկ տարածշրջանի մյուս երկրներից Հայաստանը հետ է մնում: Ինչ վերաբերում է ԱՊՀ անդամ պետություններին, ապա Հայաստանն այստեղ առաջ է անցել միայն Տաջիկստանից' 91-րդ հորիզոնական և 108-րդ հորիզոնականում գտնվող Ղրղզստանից:

 

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահի խոսքով' Հայաստանի համար առավել արդիական է դառնում արդյունավետության բարձրացումն ու նորարարությունների ներդրումը, որոնք մեր երկրի վարկանիշային գնահատականում գլխավոր առավելություններն են: Մանուկ Հերգնյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի ցուցանիշների աճ գրանցվել է միայն 12 հիմնական ուղղություններից երեքում' ենթակառուցվածքներ, բարձրագույն կրթություն եւ տեխնոլոգիական պատրաստվածություն: Մյուս ուղղություններով գրանցվել է անկում:

 

«Զեկույցում շեշտը դրվում է տաղանդների պահպանման եւ նորարարությունների վրա: Դրանք այն երկու հիմնական ուղղություններն են, որոնք պետության եւ մասնավոր սեկտորի համատեղ ջանքերի շնորհիվ կնպաստեն տնտեսական աճի ապահովմանը: Զեկույցում առաջին տասնյակը գրեթե անփոփոխ է մնացել վերջին տարիներին' Շվեյցարիա, Սինգապուր, ԱՄՆ, Ֆինլանդիա, Գերմանիա, Ճապոնիա, Հոնգքոնգ, Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա եւ Շվեդիա»,-հայտնեց փորձագետը:

 

Մրցունակության համաշխարհային զեկույցը պատրատվում է վիճակագրական տվյալների եւ գործարարների շրջանում իրականացվող հարցումների հիման վրա: Այս տարի հարցմանը մասնակցել են հայաստանյան խոշոր, փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում աշխատող 80-ից 100 ընկերությունների ղեկավարներ: Հայաստանը առաջին անգամ ընդգրկվել էր այդ զեկույցում 2009թ-ին եւ այն ժամանակ 117 երկրների թվում զբաղեցնում էր 79-րդ տեղը: 2012թ-ին Հայաստանը 144 երկրների թվում զբաղեցնում է 82-րդ, իսկ նախորդ տարի' 148 երկրների թվում' 79-րդ հորիզոնականը: