Երկուշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, «Ջամբո» համալիրում տեղի կունենա բարեգործական հանդիպում-համերգ, որը կազմակերպվել է հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ստացված հասույթը կտրամադրվի «Հայ մայրեր» հիմնադրամի 150 շահառու երեխաներին օգնելուն:

 

Հանդիպում-համերգի կազմակերպիչներն են «Ջամբո» էկզոտիկ կենդանաբանական այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանը և սիրված երգահան Արմեն Մարտիրոսյանը: Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արտյոմ Վարդանյանը նշել է, որ անապահով ընտանիքներին տրամադրվող օգնությունը պարտադիր չէ՝ լինի միայն ֆինանսական: Կարևորն աջակցության գաղափարն է և այդ ընտանիքների կողքին լինելու պատրաստակամությունը:

 

Կայանալիք բարեգործական հանդիպում-համերգի վերաբերյալ Լուրեր.com-ը զրուցեց ճանաչված երգահան Արմեն Մարտիրոսյանի հետ:

 

Պարոն Մարտիրոսյա՛ն, կպատմե՞ք «Հայ մայրեր» հասարական կազմակերպության, «Ջամբո» էկզոտիկ կենդանաբանական այգու և ձեր նախաձեռնության մասին:

 

Բոլորը գիտեն, որ Հայաստանում կան անապահով ընտանիքներ, որտեղ բնակվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Երկու տարի առաջ անապահով ընտանիքների հաշմանդամ երեխաների մայրերը միացել և ստեղծել են հասարակական կազմակերպություն, որը կոչվում է «Հայ մայրեր»: Այն արդեն բավականին հայտնի է, և շատ միջոցառումներ են եղել իրենց հետ կապված:

 

Ձորաղբյուրում մեկ տարի առաջ ստեղծվել է էկզոտիկ կենդանաբանական այգի՝ «Ջամբո»–ն, որն արդեն բավականին հայտնի է Հայաստանում: Հիմնադիրն իմ մանկության ընկեր Արտյոմ Վարդանյանն է: Արտյոմը ժամանակին հետաքրքրվեց այդ երեխաներով, սկսեց հրավիրել «Ջամբո» համալիր՝ կենդանիների հետ շփվելու. երեխաների համար նաև կազմակերպվում էին զանազան միջոցառումներ:

 

Ի՞նչ են տալիս երեխաներին նման շփումները:

 

Այդ՝ երեխաների և կենդանիների շփումը շատ հստակ թերապևտիկ նշանակություն ունեցավ նրանց համար: Սա գիտականորեն վաղուց արդեն ապացուցված փաստ է, թե ինչպես են հիվանդ երեխաները ձիերի հետ շփվելուց դրական լիցքեր ստանում, և դա ուղղակիորեն ազդում է նրանց առողջական վիճակի բարելավման վրա:

 

Առաջիկայում նախատեսված է հանդիպում-համերգ երեխաների հետ: Կպատմե՞ք՝ ինչպես ծագեց միտքը և ի՞նչ է այն իրենից ներկայացնելու:

 

Մեզ մոտ գաղափար ծագեց, ինչու չէ, ավելի լայն արձագանք ստանալու հասարակության մեջ, որովհետև մեր հասարակությունը նման հարցերով զբաղվելու համար պարզապես քնած է: Ես տարբեր երկրներում տեսել եմ և նախանձով էի նայում, թե ինչպես էին հաշմանդամները նույնքան լիարժեք հասարակության անդամ իրենց զգում, ինչպես սովորական մարդիկ. երբեք չեն ընկճվել, ամեն տեղ առավելություն են ունեցել:

 

Մեզ մոտ, իհարկե, դա ցավոտ թեմա է, և որոշեցինք մի միջոցառում կազմակերպել, որին կհրավիրեմ արվեստի աշխարհի հայտնիներին, Արտյոմն էլ գործարար աշխարհից կհրավիրի գործարարների, բարերարների:

 

Կկազմակերպենք հանդիպում-համերգ երեխաների հետ, այնտեղ փոքր շոու ծրագիր կմշակենք, անպայման ԶԼՄ-ներին կհրավիրենք, և հենց տեղում գործարարները հանգանակություն կանեն ուղղակիորեն հենց երեխաների, այսինքն՝ նրանց մայրերի համար, որովհետև շատերը գործողության կարիք ունեն հենց այս պահին և միջոցների բացակայության պատճառով, բնականաբար, չեն կարողանում իրականացնել հրատապ բուժօգնությունը:

 

Արտյումն արդեն երկու երեխաների գործողության գումարը տվել է: Ես սկսեցի զանգահարել արտիստներին և զարմացա, թե ինչ հեշտ էին համաձայնվում, պարզապես այդ փոքրիկ միջոցառումը դարձավ մի ահռելի բան: Սիրով համաձայնվեց նաև ՀՀ առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարարը, նաև տարբեր պետական ատյանների ենք ուղարկել հրավիրատոմսեր:

 

Եթե նման միջոցառումները շատ լինեն, արդեն այս խնդիրն առաջ կքաշվի: Հասարակական կազմակերպություններ պետք է ստեղծվեն, հանգանակություններ պետք է կատարվեն, և կունենանք առողջ հասարակություն: 150 երեխա լուռ տառապում է իրենց մայրերի, ընտանիքների հետ:

 

Ի՞նչ ակնկալիքներ կան միջոցառումից և ի՞նչ կտա այն հայ հասարակությանը։

 

Ես հավատում եմ, որ մենք՝ հայերս, շատ սրտացավ ենք միմյանց նկատմամբ, երբ տեսնում ենք խնդիրը, և պատրաստ ենք միշտ ձեռք մեկնել մեր դիմացինին: Մեր ազգային այդ ջերմ հատկանիշից ելնելով՝ ես կարծում եմ, որ նախևառաջ մարդիկ կխոսեն այդ իրադարձության մասին, և հետո ավելի հեշտ կլինի կազմակերպել նման երեկոներ, և հանգանակություններ կլինեն:

 

Մի դեպք առանձնացնեմ: Վերջերս ներկա գտնվեցի մի 50-ամյակի տոնախմբության, որտեղ ինքը՝ հոբելյարը, հայտարարեց, որ իրեն նվերներ չտան, և դրա համար նախատեսված գումարը գցեն համապատասխան արկղիկի մեջ՝ հանգանակություն անելով: Լավ կլինի՝ այսպիսի միջոցառումները շատ լինեն:

 

Նշենք նաև, որ միջոցառումը տեղի կունեն «Ջամբո» համալիրում՝ երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին՝ երեկոյան ժամը 18:00-ին: