ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը համարում Է երկրի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Պեկինում ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ Յան Ցզեչիի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է Սպիտակ տան ղեկավարի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը:

 

«Օբաման առաջվա պես Չինաստանը որպես գերակայություն Է դիտում ԱՄՆ-ի առջեւ ծառացած մյուս կարեւոր հարցերի թվում»,-նշել Է Ռայսը: Նա նաեւ հայտնել Է, որ ժամանել Է ՉԺՀ-ի մայրաքաղաք՝ նախապատրաստելու ԱՄՆ-ի նախագահի՝ այս տարվա նոյեմբերին նշանակված Չինաստան այցի ծրագիրը:

 

Յան Ցզեչին Ռայսի հետ հանդիպման ժամանակ ասել Է, որ երկու երկրները «պետք Է հարգեն միմյանց հիմնական շահերն ու մտահոգությունները, կառուցողական ոգով լուծեն սուր հարցերի շուրջ ծագող տարաձայնությունները»: Նրա խոսքով՝ կողմերը մտադիր են քննարկել երկկողմ ռազմական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, Մերձավոր արեւելքի եւ Հարավային Սուդանի իրադրության կարգավորումը, հյուսիսկորեական ու իրանական միջուկային հիմնախնդիրների լուծումը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Պեկին իր ներկայիս ուղեւորության ընթացքում, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը, Ռայսը հանդիպում կունենա նաեւ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի եւ ՉԺՀ-ի պաշտպանության նախարար Չան Վանցյուանի հետ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: