ԵԿՄ վարչության անդամ, ազատամարտի մասնակից, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետ Թումանյանից պարզաբանում խնդրեցինք այն փաստի կապակցությամբ, որ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը մտադիր է իր կողմից հիմնադրվելիք ազատամարտիկների միության համագումարին հրավիրել գեներալներ Մանվել Գրիգորյանին և Սեդրակ Սարոյանին: Ահա Թումանյանի պատասխանն առանց խմբագրական միջամտության.
«Նախ ասեմ, որ մեկ ԵԿՄ կա, որին անդամակցում են պատերազմին մասնակցած բոլոր տղաները: Երկրապահն այսօր եռասերունդ է, և կառույցին անդամակցում են նաև պատանի, երիտասարդ երկրապահներ: Երկրապահը ողջ հայ ազգն է, և ով չի ընդունում ԵԿՄ ծրագիրն ու կանոնադրությունը, ով ԵԿՄ-ին կփորձի դեմ գնալ, նա դեմ է գնում հայ ազգին, նա դավաճանում է հայ ժողովրդին: Ինչ վերաբերում է Ձեր ասած այդ հրավերին, որում Գևորգյանը ձևակերպել էր, թե հրավիրելու եմ ախպեր տղա գեներալներին, ապա նման խոսելաոճն իսկ ամոթալի է: Մարդը չի տարբերում ախպեր տղուն գեներալից, մարդը չի հիշում՝ ինքն ով է, ինչ է, մտադրվել է կազմակերպություն հիմնել: Չի հասկանում, որ իր հետևից ոչ ոք էլ չի գնա:
Ասեմ մեկ անգամ և ընդմիշտ: Երկրապահը միասնական է, ամուր է, հզորանում է, ամեն օր հարյուրավոր նորագիրներ ենք ունենում: ԵԿՄ թվակազմն արդեն 90 000-ի է հասնում, ունենք 8 000-ից ավելի պատանի երկրապահներ, նույնքան՝ երիտասարդներ: ԵԿՄ-ն շարունակելու է համախմբվել, միասնական լինել և հզորանալ ի շահ հայ ազգի, Հայաստան պետության, Արցախի Հանրապետության, իսկ մանր-մունր մարդիկ չեն կարող մեր հաղթարշավի ճանապարհին արգելք լինել: Դրանց մասին խոսել անգամ չարժե: Չի կարելի, որ ով տեղից վեր կենա՝ ասի կազմակերպություն եմ հիմնում: Էլի կան մի երկուսը, որ պատերազմի ժամանակ տարան անմեղ տղեքին, գլուխները կերան, հիմա չգիտեն՝ ուր են տղաները: Փոխանակ էն մոտ 100 անհայտ կորածներին գտնեք, որոնց ձեր մեղքով ենք կորցրել, դեռ առաջնորդելու ցանկություն ունեք: Այնինչ նույն այդ անհայտ կորածների հարազատներն այսօր վստահում ու հավատում են ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին և անդամագրվել են ԵԿՄ-ին»: