ՀՀ ոստիկանությունը չի հանդուրժելու քաղաքական զանգվածային միջոցառումների հետ կապված օրինախախտումները: Այս պասին նշել է ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը' սեպտեմբերի 13-ին, «Արզնի» օդանավակայան, ուր այցելել էր անձամբ հետևելու հրամանատարաշտաբային վարժանքի ավարտական միջոցառումներին:

 

Պատասխանելով քառյակի խոստացած «թեժ աշնան» մասին լրագրողների հարցին՝ Գասպարյանը նշեց. «Թեժ աշնան» համար կան «սառը ցնցուղներ», իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի «թեժ աշուն» կարող ենք կազմակերպել: Պետք է ամեն ինչ լինի տրամաբանության մեջ, օրենքի սահմաններում: Այն ժամանակ այդ «թեժ աշունները» կարող են շահեկան լինեն: Իսկ եթե դրանք օրենքի խախտումներով են լինում, ես՝ որպես ոստիկանապետ, դա չեմ հանդուրժելու»:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նաև ընդգծեց. «Ամեն ինչի համար կան օրինական ճանապարհներ: Ոստիկանությունը խոնարհությամբ կծառայի այդ օրինական մոտեցումներին: Ցանկացած օրինախախտում, ավելին՝ ոստիկանի հանդեպ ոտնձգություն խստագույնս կպատժվի: Մենք ազնիվ ենք մեր գործի մեջ' Աստված է վկա, և մեզ պետք չէ անազնվության, ինչ-որ բաների թիրախ դարձնել: Մենք նույն քաղաքացիներն ենք: Այսօր ոստիկանությունը ուզում է վաղվա մեր երեխաների, մեր թոռների ոստիկանությունը ստեղծել»,- հավելեց Վլադիմիր Գասպարյանը:

 

Սեպտեմբերի 8-ից ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ անցկացվում է «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանք: Դրանց նպատակն է' զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության, ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումը: