Մշտական բնակության օտարերկրյա պետությունում քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակում գտնվող պետություններից, մասնավորապես Սիրիայից, Հայաստան վերադարձող ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան առանց մաքսատուրքի վճարման անձնական օգտագործման գույքը ներմուծել ՀՀ 2 տարվա ընթացքում:

 

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 18-ի նիստի օրակարգում: «Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը, և քաղաքական հետագա զարգացումները, Սիրայում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու և նրանց վերադարձը Հայրենիք կազմակերպելու համար:

 

Միաժամանակ Հայրենիք վերադարձող սիրիահայերը հաճախ հնարավորություն չեն ունենում իրենց անձնական օգտագործման գույքը Հայաստան բերել օրենսգրքով սահմանված 180-օրյա ժամկետում և հանդիպում են դրանց մաքսազերծման խնդրին, իսկ մաքսատուրքերի վճարումը ծանր նյութական վիճակում գտնվող սիրիահայերի համար խնդրահարույց է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 

Սույն նախագծով սահմանվում է մաքսատուրքի գծով արտոնությունից օգտվելու ավելի երկար ժամկետ՝ ինչպես սիրիահայերի,այնպես էլ այն ֆիզիկական անձանց համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: