ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության 23-րդ տարեդարձի առիթով այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրեց Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ' հարգանքի տուրք մատուցելով իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' մերօրյա անկախության կերտողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար «Եռաբլուր»-ում էին նաեւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, պատգամավորներ եւ բարձրաստիճան այլ անձինք:
Հայությունը սեպտեմբերի 21-ին տոնում է Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 23-ամյա տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի շուրջ երեքուկեսամյա համաժողովրդական շարժումը պսակվեց Հայաստանի անկախության հռչակմամբ։
Անկախությունը ձեռք բերվեց համառ քաղաքական պայքարի շնորհիվ, որի արդյունքում հայ ժողովուրդը 1991թ.-ի սեպտեմբերին միաձայն «այո» ասաց անկախությանը՝ ձեռք բերելով այն գերագույն արժեքը, որ ազգի հարատևման, զարգացման, բարգավաճման ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է: