Թուրքիայի եւ քրդերի միջեւ հարաբերությունները կրկին լարվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալ թեւի առաջնորդ Մուրադ Քարայըլանը «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայի Քոբանիի շրջանում քրդական բնակավայրերի վրա կատարած հարձակումների հետ կապված հայտարարել է, որ Թուրքիան դավաճանել է քրդերին:
«Մենք փաստաթղթեր ունենք, Թուրքիան մեկ անգամ եւս հարվածեց մեզ մեր թիկունքից: Քոբանիի վրա հարձակումը Թուրքիայի հետ ԻԼԻՊ-ի համատեղ ծրագիրն է, եւ նրանք քրդերին մեկ անգամ եւս հարվածեցին թիկունքից: Սա դավաճանություն է: Մեզ համար այլեւս վերացել է խաղաղ գործընթացի իմաստը», -ասել է նա:
Մուրադ Քարայըլանն ասել է, որ Թուրքիան այլեւս չի կարող խաբել իրենց: «Սա պատերազմի հայտարարություն է: Մենք այժմ սպասում ենք Աբդուլլահ Օջալանի որոշմանը», -ասել է PKK-ի զինյալների առաջնորդը:
ԻԼԻՊ-ի գերությունից 49 թուրք դիվանագետների ազատ արձակվելու մասին տարբեր մեկնաբանություններ են արվում: Էրդողանի կառավարությունը մեղադրվում է ԻԼԻՊ-ի հետ համագործակցության մեջ: ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի կոալիցիային ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին Թուրքիայի չմիանալը կասկածներ է առաջացրել: Հայտնի է, որ պատանդ պահվող յուրաքանչյուր թուրք դիվանագետի համար ԻԼԻՊ-ը Թուրքիայից 1 մլն դոլար է պահանջել: Ավելին, ԻԼԻՊ-ը Անկարայից պահանջել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված իրենց մի քանի առաջնորդներին: Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ Թուրքիան տանկեր եւ այլ տեսակի զենքեր է տվել ԻԼԻՊ-ին' պատանդներին ազատելու դիմաց:
Մուրադ Քարայըլանի այդ հայտարարությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ժամանակում վերսկսվելու են Թուրքիայի բանակի եւ PKK-ի միջեւ մինչ այժմ 40 հազարից ավելի մարդկային կյանքեր խլած զինված բախումները:
Նշվում է նաեւ, որ թուրք դիվանագետներին ԻԼԻՊ-ի գերությունից ազատել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, որպեսզի Թուրքիային ստիպեն միանալ ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին: