Ադրբեջանում գործող օրենքների պատճառով երկրում ստեղծված հասարակական կազմակերպությունները չեն կարողանում համապատասխան գործունեության ծավալել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնական կայքը, այս մասին Քլինթոնի համաշխարհային նախաձեռնության ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

 

«Մենք ականատեսն ենք լինում անխնա հարձակումների Ռուսաստանից մինչև Չինաստան, մինչև Վենեսուելա, որտեղ օրինական այլախոհությունը համարվում է վնասակար: Այնպիսի երկրներում, ինչպիսին Ադրբեջանն է, օրենքն աննախադեպ կերպով բարդացնում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը»,- հայտարարել է Բարաք Օբաման: Նա ընդգծել է, որ ողջ աշխարհում քաջ տղամարդիկ և կանայք, ովքեր համարձակվում են իրենց ձայնը բարձրացնել, ենթարկվում են հետապնդումների և հարձակումների ու անգամ սպանվում են: Գիտակցելով սեփական քաղաքացիների և քաղաքացիական հասարակության ներուժը' ավելի ու ավելի շատ կառավարություններ են անում ամենը նրանց լռեցնելու համար:

 

«Քաղաքացիական հասարակության նկատմամբ այս աճող ճնշումը նպատակ ունի բռնանալու ժողովրդավարության գաղափարի վրա: Եվ այն, ինչ, իրոք, անհրաժեշտ է, ժողովրդավարության պաշտպանության նպատակով ավելի ուժեղ պայքարն է»,- ասել է ԱՄՆ նախագահը: