ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը:

 

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ներկաներին Տեղեկատվության ազատության միջազգային օրվա առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությունն արդեն բարի ավանդույթ է դարձել: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս այս նախաձեռնությանը՝ երկրում ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական հասարակության ձևավորման համատեքստում: Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ քաղաքացիների համար ավելի թափանցիկ և հաշվետվողական դառնալու իր հանձնառությանը՝ կառավարման համակարգն առավելագույնս համապատասխանեցնելով նրանց ձգտումներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պետական ինստիտուտների և արդյունավետ կառավարման համակարգի ամրապնդումը մեր պետության առաջնահերթություններից է:

 

Հովիկ Աբրահամյանը Արմավիրի մարզպետարանի ներկայացուցչին է հանձնել մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ «Ոսկե բանալին»:

 

Ոսկե բանալին՝ որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց ՀՀ Ոստիկանության' www.police.am կայքին' որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք: