«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Գործարանային» կայարանում սեպտեմբերի 26-ին' ժամը 00.00-ին, տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ և Երևանի մետրոպոլիտենի համատեղ ուսումնավարժությունը' «Փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը մետրոպոլիտենում» թեմայով: Տեղում ուսումնավարժությունը ղեկավարել է ՓԾ տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը: Միջոցառման նպատակներն են կատարելագործել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ կազմավորումների և արձագանքող ուժերի փոխգործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքերի ժամանակ, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները գիշերային ժամերին փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքերի ժամանակ:
Ուսումնավարժությանն ընդգրկված են եղել ՓԾ 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, մետրոպոլիտենի կազմավորումներն ու տեխնիկական գնացքը, ոստիկանության 10 աշխատակից և 30 նմանակող, ճանապարհային ոստիկանության 2 կարգախումբ, շտապօգնության 2 բրիգադ և վթարային խմբեր («Երևանգազ», «Երևան Ջուր», «Երքաղլույս»):
Սցենարի համաձայն' երեկոյան գնացքի վագոնում «հրդեհ» էր բռնկվել: Գնացքի մեքենավարը, նկատելով առաջին վագոնում սկսված հրդեհը, անջատում է այն երկրորդ վագոնից, որպեսզի կանխի կրակի տարածումը: Մետրոպոլիտենի գնացքների կարգավարն ահազանգում է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայություն: «Դեպքի» վայր ժամանած արձագանքող ուժերը, մետրոպոլիտենի կազմավորումների հետ, իրականացնում են աշխատակիցների և ուղևորների տարհանում' զուգահեռաբար սկսելով հրդեհաշիջման և փրկարարական գործողությունները: Հրշեջ-փրկարարները «տուժածներին» դուրս են բերում վտանգավոր տարածքից:
Ուսումնավարժության արդյունքների հիման վրա կարվի վերլուծություն և կտրվեն համապատասխան հանձնարարականներ' հայտնաբերված խնդիրները շտկելու համար: