ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից հետո ծավալված թուրք-եգիպտական դիվանագիտական սկանդալին հաջորդել է բախումն Անկարայի և Աբու Դաբիի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ԱՄԷ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանի ելույթը դեմ է «դիվանագիտական սովորույթներին և անընդունելի է»:
Ի պատասխան այս հայտարարության՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել պատասխան խոսքով՝ նշելով, որ Էրդողանի հայտարարությունը համապատասխանում է ժողովրդավարական սկզբունքներին, միջազգային իրավունքին և բարոյական արժեքներին:
ՄԱԿ-ի ամբիոնից ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահն անօրինական էր հայտարարել Եգիպտոսում Սիսիի գլխավորությամբ իշխանության եկած ուժերին: Նա մեղադրել էր նաև այն պետություններին, ովքեր, ըստ Էրդողանի, «օրինականացնում են հանցագործներին»: