Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը Հայաստանում կշարունակի իրականացվել նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանը հրաժարվել է համագործակցել Թուրքիա տեղափոխված Զարգացման ծրագրի տարածաշրջանային գրասենյակի հետ: Այս մասին Երևանում սեպտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հելե ն Քլարկը:

 

«ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հստակորեն ասել է, որ մենք շարունակելու ենք սպասարկել Հայաստանին այնպես, ինչպես ընդունելի է Հայաստանի համար: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում ծրագրի իրականացումը: Հայաստանը պետք է վստահ լինի, որ մենք կաշունակենք մեր աջակցությունը Հայաստանին ընդունելի ձևաչափով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց Հելեն Քլարկը:

 

Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հելեն Քլարկը սեպտեմբերի 28-30-ը Հայաստանում է: Սեպտեմբերի 29-ին կայացել են Հայաստանի արտգործնախարարի և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի ղեկավարի բանակցությունները:

 

1992թ. Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ և ընդունել համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս: Հայաստանն ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի մի շարք կարևորագույն մարմիններում' ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձ նաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն:

 

2000թ. սեպտեմբերին Հազարամյակի հռչակագրով ՄԱԿ-ի 189 անդամ երկրները, պարտավորություն ստանձնեցին մինչև 2015թ. հասնել Հազարամյակի զարգացման ութ նպատակների /ՀԶՆ / կատարմանը: Այդ նապատակներն են' ծայրահեղ աղքատության և սովի հաղթահարում, համընդհանուր տարրական կրթության ապահովում, գենդերային հավասարության հաստատում, մանկական մահացության նվազեցում, մայրերի առողջության բարելավում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ պայքար, կայուն զարգացման ապահովում, զարգացման համար գլոբալ գործըկերության ծավալում: