Զինված խմբավորումը սեպտեմբերի 30-ին ազատ է արձակել եգիպտացի բեռնատարների 150 վարորդների, ովքեր գերի էին ընկել Լիբիայի արևելքում գտնվող Իջդաբիա քաղաքում, երկու շաբաթ առաջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, եգիպտա-լիբիական հաշտեցման հանձնաժողովի կոորդինատոր Սայիդ Աբու Զարբիան նշել է, որ ազատ արձակման գործընթացն իրականացվել է ակտիվ բանակցությունների արդյունքում: Տեղեկություններ չեն հաղորդվում բանակցությունների մանրամասնությունների մասին:

 

Նախօերին՝ սեպտեմբերի 29-ին, շուրջ 70 եգիպտացի վարորդներ գերի էին ընկել: Նրանց ազատ արձակման համար զինված անձինք եգիպտական ուժային կառույցներից պահանջում էին ազատ արձակել մաքսանենգության համար ձերբակալված լիբիացուն:

 

Սա առաջին նմանատիպ դեպքը չէ, երբ զինված անձինք առևանգում են եգիպտացիների: Մեծ թվով եգիպտացիներ, չնայած Լիբիայում չափազանց վտանգավոր իրադրությանը, շարունակում են աշխատել հարևան պետությունում: Տասնյակ անգամներ զինված անձինք Եգիպտոսից պահանջել են ազատ արձակել տարբեր պատճառներով հանցագործություններ կատարած իրենց բարեկամներին: