Ռուսաստանի Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, աշխատանքային այցով ուղեւորվում է Ադրբեջան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Այցի ընթացքում Մատվիենկոն պլանավորում է Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Նախատեսված է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ բանակցություններ հանրապետության Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ:

 

Այցի նախօրյակին լրագրողների հետ զրույցի ժամանակ Մատվիենկոն Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները որակել է ռազմավարական գործընկերություն: «Մենք ակտիվորեն համագործակցում ենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար եւ այլ բնագավառներում»,- ասել է նա:

 

ԴԽ-ի նախագահը նաեւ ուշադրություն է դարձել երկկողմ ապրանքաշրջանառության աճի վրա, որը, 2013 թվականի արդյունքներով, հասել է պատմական առավելագույն ցուցանիշի՝ 3,6 մլրդ դոլարի: «Իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկկողմ առեւտրի ծավալն արդեն գերազանցել է 2,2 մլրդ դոլարը»,- հավելել է նա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: