Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է բողոքել օտարերկրյա խորհրդարանականների' Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարվող այցելությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադ րբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը նոտա և համապատասխան նամակ է հղել Ֆրանսիայի ԱԳՆ և Ազգային ժողով' պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի' Արցախ այցի առնչությամբ:

 

Դեսպանությունը դժգոհել է նաև Փարիզում սեպտեմբերի 23-26-ը տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարում ԼՂՀ-ի ներկայացման համար: Այս կապակցությամբ նամակ է ուղղվել նաև զբոսաշրջանային ցուցահանդեսի կազմակերպիչներին:

 

Արցախի աշխուժացումը միջազգային տարատեսակ ու տարաֆորմատ միջոցառումներին ակնհայտորեն խուճապ է առաջացրել Բաքվում:

 

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին: Ռոշբլուանը նշել է, որ նման այցերի միջոցով իրենք տեսնում են իրականությունը և դառնում ԼՂՀ յուրատեսակ ներկայացուցիչները Եվրոպայում: