Ոչ իշխանական եռյակը շարունակում է հանրահավաքները Հայաստանի քաղաքներում: Սեպտեմբերի 26-ին Աբովյանում մեկնարկած հանրահավաքների շարքը շաբաթ օրը հասավ Իջևան: Այս մասին գրել է «Ազատությունը»։

 

Հանրահավաքին մի քանի հարյուր մարդ էր հավաքվել՝ տարբեր գյուղերից եկած, որոնք նշում էին, որ գյուղապետները իրենց համոզում էին չգալ, չմասնակցել:

 

Հանրահավաքում Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) և «Ժառանգություն» կուսակցությունները կրկին հնչեցրեցին իշխանափոխության կոչեր՝ նշելով, որ առանց այս իշխանությունների հեռացման որևէ փոփոխության դժվար է հասնել Հայաստանում: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), որը, փաստորեն, մինչև հիմա իշխանափոխության կոչեր, ըստ էության, չէր հնչեցրել, խոսեց նաև իշխանափոխության անհրաժեշտության մասին, եթե այն բոլոր խնդիրները, որոնք այսօր բարձրացվում են, իշխանությունները չլուծեն:

 

ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը, օրինակ, նկատեց, թե առաջին անգամն է, որ տարբեր քաղաքական կուսակցությունները հավաքվում են մի օրակարգի շուրջ, որը տնտեսական, սոցիալական օրակարգ է, այլ ոչ թե քաղաքական, և մի քանի անգամ հանրությանը հարցրեց՝ «դուք ուզո՞ւմ եք, որ երկրում փոփոխություններ լինեն, դուք ուզո՞ւմ եք, որ այս իշխանությունները հեռանան»: Մարդիկ պատասխանում էին՝ «այո», ու դժգոհություն հայտնում իշխանություններից նրանց աշխատանքի համար:

 

Ուրիխանյանը նաև շեշտեց, որ վեց օր հետո այս հարցերի պատասխանները իշխանությունը պետք է իրենց տա, հակառակ դեպքում եռյակը արդեն որոշում կկայացնի հետագա անելիքների մասին:

Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգության» ներկայացուցիչների քննադատություններն ու իշխանափոխության կոչերն ավելի սուր էին, ավելի հստակ:

 

Արամ Մանուկյանը՝ ՀԱԿ-ից, կրկին շեշտեց, որ այս իշխանությունները պետք է հեռանան: «Երեք քաղաքական ուժեր են միացել, որոնք ընդհանուր շատ քիչ բան ունեն, տարբեր գաղափարական ուժեր են, վտանգ են զգացել՝ վտանգ, որ երկիրը ձեռից գնում ա, վտանգ, որ հայը Հայաստանը լքում ա, և էդ երեք ուժերը եկել են իրար կողքի կանգնել, եկել են ձեզ ասում են՝ «ժողովուրդ, եղիր չորրորդ ուժը, կամ եղիր առաջին ուժը»: Եվ եթե դուք մեզ առաջնորդեք, մեզ հետ ուս-ուսի գաք, մենք ուժեղ կլինենք», - հայտարարեց Մանուկյանը՝ շարունակելով․ - «Եկեք՝ ձիով, ոտով, էշով, ավտոբուսով, կամքով՝ կարևորը կամքն ա պետք»:

 

«Մենք գնում ենք՝ դուք մեզ հետ գալի՞ս եք», - ընդդիմադիր գործչի այս հարցին հավաքվածները արձագանքեցին՝ «այո՛», ապա Մանուկյանը շարունակեց․ - «Գնում ենք հոկտեմբերի 10-ին սկսում ենք՝ դեպի հաղթանակ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։