Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը , անդրադառնալով փաստին, որ եռյակը հայտարարում է, թե Կառավարությունը ոչինչ չի արել 12 կետերի ուղղությամբ, ուստի իրենք բավարարված չեն, նկատեց, թե եռյակը բավարարված չէ, քանի որ իրենց նպատակը փողոց դուրս գալն է։ «Իրենց պետք չէ բավարարված լինել, բացարձակ, այդ մարդիկ իշխանություն են ուզում՝ առանց հիմնավորման, ու դրանք պարզապես պատրվակներ են, մահանաներ են, որ ինչ-որ ձևով դուրս գան փողոց»,– ասում է նա:


-Պարոն Բաղդասարյան, կարո՞ղ եք մի քիչ ավելի բացել փակագծերը, թե ինչ նկատի ունեիք ասելով, որ եռյակի լիդերների համար այդքան առաջին դեմքի տեղ չկա: Կարծում եք, որ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև նման մրցակցություն կստեղծվի՞ ինչ-որ մի պահի:


-Երբ որ գա օրը, երբ որոշեն, թե ո՞վ պետք է լինի, ինքներդ ականատես կլինեք. դեռ մինչև 2018 թվականը ժամանակ ունենք, ու դրա համար՝ իմ կարծիքով՝ չեն շտապի, ու երբ դնեն այդ հարցը դրա ականատեսը կլինեք Դուք:


-Բայց չէ, Գագիկ Ծառուկյանն ինքը 2012-ի նախագահական ընտրություններին չառաջադրվեց, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ասաց, որ ինքն արդեն տարիքն առել է:


- Դե այդ հարցերը պետք է իրենց ուղղեք: Ի՞նչ է փոխվել, Լևոն Տեր-Պետրոսյանը երիտասարդացե՞լ է, Ծառուկյանն էլ կարող է մտափոխվե՞լ է, այս հարցերի պատասխաններն իրենք պետք է տան:


- Սպասվող հանրահավաքն իշխանությունը դիտո՞ւմ է որպես ծանր մարտահրավեր, պոտենցիալ վտանգ:


- Ո՞րն է այդ հանրահավաքների օրակարգը…


-12 և ավելի կետեր:


-Բազմիցս եմ ասել, որ 12 կետերի 90 տոկոսը մեր ուշադրության կենտրոնում են և ամենօրյա հսկողության տակ, որոնց հնարավորության սահմաններում ժամանակին, պահին համապատասխան ինչ-որ լուծումներ տրվում են: Իրենք չէ, որ իշխանության մեջ չգտնվելով, իրավիճակին չտիրապետելով պետք է արագացնեն: Պետք է նայենք իրավիճակին, հնարավորություններին և դրանք դարձնենք իրականություն: Եվ անում է դա իշխանությունը՝ հնարավորինս:


- Դե իրենք ասում ենք, որ բավարարված չեն կառավարության և իշխանության պատասխաններից ու նաև այն, որ դրանց մի մասը իշխող կուսակցության ծրագրերում կա, իրենց պետք են արդյունքներ:


-Իրենց պետք չէ բավարարված լինել, բացարձակ, այդ մարդիկ իշխանություն են ուզում՝ առանց հիմնավորման, ու դրանք պարզապես պատրվակներ են, մահանաներ են, որ ինչ-որ ձևով դուրս գան փողոց: Այդ հարցերը քննարկվել են, այդ հարցերի շուրջ խոսել ենք, ու հենց տեսնում են, որ մի հարցին պետք է լուծում տրվի, սկսում են այդ հարցի քննարկումները կիսատ թողնել: Այսինքն՝ նրանց նպատակն ու նշանաբանը հետևյալն է. եթե մենք կողմ ենք, իրենք դեմ են, եթե մենք դեմ ենք, իրենք կողմ են: Եվ դրանով առաջ են շարժվում:


- Նախորդ օրը հանրահավաքին Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ 7 օր հետո սկսելու է փոխվել մարդկանց կյանքը։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ հայտարարությունը:


- Այսինքն՝ այս երկրում, այս ժողովրդին օր ու ժամ նշանակողը Տիգրան Ուրիխանյա՞նն է։ Անիմաստ եմ համարում նման հարցերին պատասխանելը: