Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսը հոկտեմբերի 9-ի առավոտյան իր գրասենյակում ընդունել է Լիբանանահայ օգնության խաչի շրջանային վարչության 11 անդամներին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Այցելության նպատակն էր ստանալ Վեհափառ հայրապետի օրհնությունը և թելադրանքները: Լիբանանահայ օգնության խաչի վարչությունը Նորին Սրբությանն է տրամադրել առաջիկա երկու տարվա իրենց աշխատանքի ծրագիրը:

 

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Օգնության խաչի ծառայությունը մեր ժողովրդի զավակներին և կարիքավոր ընտանիքներին: Նա հատկապես ողջունել է Սիրիայի տագնապի հետևանքով Լիբանանում հաստատված սիրիահայ կարիքավոր ընտանիքներին մատուցած ծառայությունը:

 

Վեհափառ Հայրապետը շեշտել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության աջակցությունն այն բոլոր աշխատանքներին ու ծրագրերին, որոնց նպատակն է օգտակար լինել սիրիահայ ընտանիքների դիմագրաված կարիքներին: