Աշխարհում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությամբ համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված' ԼՂՀ հիվանդության ներթափանցումը և ազգաբնակչության շրջանում տարածումը կանխելու նպատակով առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հրաման է ստորագրել: Հոկտեմբերի 17-ին ստորագրված հրամանի համաձայն, տրվել են համապատասխան հանձնարարականներ նախարարության և համակարգի, մասնավորապես, շտապ բժշակական օգնության, ինֆեկցիոն, համաճարակաբանության և հիգիենայի ծառայությունների պատասխանատու անձանց' անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար:
ԼՂՀ բնակչության, ինչպես նաև Արցախ ժամանողների և մեկնողների շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքներ տարածելու և իրազեկելու նպատակով արդեն պատրաստ են «Էբոլա վարակի վերաբերյալ» և «Ի՞նչ է Էբոլա վիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել նրանից» վերնագրված հուշաթերթերի նմուշները և «Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակաբանության, դեպքերի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման, վարակի հսկողության» մեթոդական ուղեցույցը: Նախատեսվում են նաև սեմինար դասընթացներ ինչպես բուժաշխատողների, այնպես էլ զբոսաշրջության գործունեությո ւն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար:
Առողջապահության նախարարությունն ավելի սերտ կհամագործակցի գյուղատնտեսության նախարարության հետ՝ վայրի կենդանիների հանրապետություն ներկրման սահմանափակումների առնչությամբ:
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվեն արագ արձագանքման թիմերի ուսուցողական դասընթացներ: Թիմերը կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով: Հանրապետության բժշկական կազմակերպություններում առկա են արհեստական շնչառական ապարատների, դեղորայքային (ջերմիջեցնողներ, արյունահոսությունը կանխող պատրաստուկներ), անհատական պաշտպանիչ արտահագուստի պահուստային պաշարներ:
ԼՂՀ առողջապահության նախարարության պաշտոնաթերթի և էլեկտրոնային կայքի միջոցով մշտապես կտրամադրվեն տեղեկություններ էբոլա վիրուսով հարուցված հիվանդության հիմնական կլինիկական ախտանշանների, վարակվելու ռիսկի, տարածման մեխանիզմների և գործոնների, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ: