Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների շուրջ 20-ամյա նորագույն պատմությունը վկայում է, որ իրավական ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքների գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի: Վերջինը չի կարող լինել սոսկ բարի ցանկություն, այն պահանջում է սահմանադրական համարժեք լուծումներ, ներդաշնակ ու գործուն իրավական համակարգ, արդյունավետ գործող կառուցակարգեր, իրավական մտածողության, մշակույթի անհրաժեշտ միջավայր: Այս մասին ասված էր սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահի ողջույնի խոսքում, որը ընթերցեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

 

«Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել 20-ից ավելի երկրների սահմանադրագետներ քննության առնելու բացառիկ կարևորության մի հիմնախնդիր' մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը: Ուրախ եմ նաև, որ սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան խորհրդաժողովները բարի ավանդույթ լինելուց զատ, միջազգային կարևորություն են ձեռք բերել: Հատկապես ցանկանում եմ կարևորել ներկա խորհրդաժողովի թեման և քննության առարկա հիմնախնդրի անմիջական կապը իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի երաշխավորման հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասված էր նախագահի ուղերձում:

 

Նախագահի խոսքով' հնարավոր չէ մեկ օրում հասնել վերոգրյալին, այլ հաջողություն կարելի է ակնկալել այն դեպքում, երբ իրավունքի գերակայության երաշխավորումը պետական քաղաքականության օրակարգի կարևորագույն խնդիր դառնա, լինի քաղաքական մտածողության շարժիչ ուժը և անձի արժանապատվությունը նրա ամենօրյա սոցիալական դրսևորումների անբաժան և երաշխավորված ուղեկիցը համարվի:

 

«Մեզ համար քննության առարկա հիմնախնդիրն առավել կարևորվում է' նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել կարևոր սահմանադրական բարեփոխումներին: Ընդամենը օրեր առաջ է մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

 

Այն քննարկվել ու հավանության է արժանացել նաև Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում ու առաջիկայում քաղաքական քննարկումների փուլ է անցնելու: Դժվար է վերջին 20 տարում մեծ փորձությունների դիմակայող ու արմատապես վերափոխվող հասարակարգի համար պնդել, թե ժողովրդավարությունը հաստատուն ու ցանկալի հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն երաշխավորված ու պաշտպանված են, առկա է իրավական պետության չափորոշիչներին ներդաշնակ արդարադատական համակարգ: Դրան կարելի է հասնել' երաշխավորելով համարժեք սահմանադրական զարգացումներ' ճիշտ դասեր քաղելով նաև միջազգային հարության ու հատկապես նոր ժողովրդավարության երկրների փորձից:

 

Ես առիթ եմ ունեցել շեշտելու' մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Սահմանադրություն, որն ունենա արժեքաբանական կայուն ու անսասան հիմք և հանրային այնպիսի միջավայր, որ այդ արժեքներն իրողություն դառնան երկրի ու ժողովրդի համար:

 

Անշուշտ, նման սահմանադրության համար անկյունաքարային նշանակություն ունեն մարդու արժանապատվության սահմանադրական ինստիտուտը և դրա իրացման անհրաժեշտ իրավական կառուցակարգերը: Համոզված եմ, որ այս հրատապ հիմնախնդիրների շուրջ երևանյան խորհրդաժողովում ներկայացվող զեկույցներն ու ելույթներն օգտակար դերակատություն կուենան թե սահմանադրական զարգացումների ու թե սահմանադրական արդարադատության պրակտիկայի տեսանկյունից»,-նշված էր Նախագահի ողջույնի խոսում:

 

Սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ խորհրդաժողովը' «Մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» թեմայով, անցկացվում է հոկտեմբերի 23-25-ին: