Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Վեհափա՛ռ Տեր,
Շնորհավորում եմ Ձեզ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:
1999 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ի դեմս Ձեզ ունեցավ նոր Կաթողիկոս, Հայաստանի և սփյուռքի մեր հավատացյալ ժողովուրդը՝ նոր հովվապետ:
Արդեն մեկուկես տասնամյակ իմաստուն և արգասաբեր գործունեությամբ առաջնորդում եք Ձեր հոգևոր հոտը՝ քարոզելով խաղաղություն և մարդասիրություն, սերմանելով բարու և գեղեցիկի հունդեր մեր ժողովրդի սերտում և հոգում:
Խորապես հարգելով բոլոր անհատների և հանրույթների խղճի ազատությունը՝ մենք ընդգծում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը մեր ժողովրդի ինքնության ձևավորման և պահպանման, նրա մշակութային զարգացման գործում: Դա իրողություն և ճշմարտություն է, որ վերահաստատվել է դարեր շարունակ, այդ թվում նաև ամենաբարդ իրավիճակներում:
Կրկին շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ՝ անսասան պահելու Գրիգոր Լուսավորչի աստվածաշնորհ աթոռը և շարունակելու Ձեր վեհ առաքելությունը»: