ԳԱԼԱ-ի հետ ներքաղաքական որոշ հարցերի մասին զրուցել է Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:
Պարոն Պեպանյան, նորմա՞լ է, որ Հայաստանում մարդիկ իրենց բողոքը լսելի դարձնելու կամ ինչ-որ իրավիճակ փոխելու համար ինքնահրկիզման են դիմում, գամում են սեփական ոտքերը, կարում բերանները կամ անժամկետ հացադուլի են դիմում:
Յուրաքանչյուր դեպք մանրազնին ուսումնասիրման կարիք ունի: Ես գիտեմ բազում դեպքեր, երբ այդ կերպ անարդարությունն են կամեցել առաջ տանել:
Բայց եթե մարդն արդարության հասնելու այլ ուղի չի տեսնում, քան ձեր նշած եղանակներին դիմելը, ապա դա ապացույցն է այն բանի, որ հանրային գիտակցությունը խաթարված է:
Նախագահի թեկնածուների մեջ կա՞ն մարդիկ, ովքեր անկեղծ են իրենց ելույթներում և ցանկանում են իրավիճակ փոխել:Եվ որքանո՞վ են պատրաստ կամ ունակ այդ մարդիկ հնարավորության դեպքում իսկապես իրավիճակ փոխել:
Անկեղծ կամ հուզված լինելը բավարար չեն իրավիճակ փոխելու համար: Առնվազն հարկավոր է կարողանալ ըմբռնել, թե ինչու՞ է այս իրավիճակն առաջացել: Եթե թեկնածուները չիմանան այս հարցի պատասխանը, ապա նրանց ծաղրն է սպասվում՝ սկզբում կամ վերջում: Ու կարևոր չէ՝ հաղթել են ընտրություններում, թե պարտվել:
Ներկայումս ի՞նչ գործընթացներ եք տեսնում, որոնք բռնել են բյուրեղացման ճանապարհը:
Ներկայումս բյուրեղանում է հուսալքությունը: Ամենքի մոտ սա աղետի կանխազգացողություն է առաջացնում: Դա հասկանալի է: Բայց այն ունի նաև դրական տարրեր՝ մեռնում են կեղծ կուռքերը, հստակեցվում են սխալ ճանապարհները, որոնցով արդեն հանրությանը դժվար է տանել: Սա իմաստնացման տանող ճանապարհի պարտադիր պայման է:
Մի հայտնի պատմական դեմք, ում անունը տալը նզովքի պես մի բան է մեր իրականության մեջ, ասել է, թե խոր հուսալքությունը ընտիր նախապայման է մեծ վերելքի համար: Եթե, իհարկե, էլիտան գիտի հանրային պրոբլեմների իրական պատճառները:
Մելանյա Մելքումյան