Սահմանադրության կատարելագործումը, դրա համապատասխանեցումը ժամանակի պահանջներին կարևոր են: Սակայն ինձ միշտ անհանգստացրել է այն հարցը, որ մեր Սահմանադրության նկատմամբ ձևավորված չէ համապատասխան հարգալից վերաբերմունք, առանց որի՝ իրավական երկիր լինել չենք կարող:
Հայաստանում գործում են պետական մարմինները, քաղաքական ու հասարակական ինստիտուտները, սակայն շատ հաճախ նրանց հարաբերությունները կարգավորվում են ստվերային համաձայնությունների դաշտում, իսկ ինքը՝ Սահմանադրությունը, հաճախ մնում է ստվերում:
Այս առումով՝ սահմանադրական ճգնաժամը մեզանում գրեթե կայուն վիճակ է, ընդ որում՝ դա առաջացել է ոչ թե երեկ կամ մեկ, տասը տարի առաջ, այլ գրեթե հենց այն օրից, ինչ ունենք սահմանադրություն:
Մեր սահմանադրությունն ընդունվել է 1995-ին, ու ես հիշում եմ... այն օրերին դարձյալ Հիմնական օրենքի նախագածի հարցում չկար քաղաքական և հասարակական կոնսենսուս: Բովանդակային քննարկումներ նույնպես չկային, նոր ավարտված պատերազմի իներցիոն ազդեցությունը դեռ շատ մեծ էր, ինչը թույլ էր տալիս իշխանությանը «ուժեղ համակարգի» թեզը հանրայինացնել, իսկ ընդդիմությունն ասում էր, թե Սահմանադրությունը «կարվում» է կոնկրետ մարդու՝ այդ օրվա նախագահի հագով:
Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը կարևոր մարտավարական սխալ թույլ տվեց՝ սահմանադրական հանրաքվեն մեկտեղելով խորհրդարանական ընտրությունների հետ: «Սև-սպիտակի» անտագոնիզմը, որը բնորոշ է հայաստանյան ընտրություններին, ամբողջովին տարածվեց նաև սահմանադրական գործընթացի, ընդունված փաստաթղթի վրա:
Մի խոսքով՝ Սահմանդրությունը, որ կոչված էր դառնալու հասարակական կոնսոլիդացիայի առանցք, ավելի խորացրեց ջրբաժանը քաղաքական դաշտում, հասարակական տարբեր խմբերի միջև:
Սահմանադրության հարցում նրա բովանդակությունից ոչ պակաս կարևոր է նաև քաղաքական ու հասրակական համաձայնությունը: Այս ճշմարտությունը չհասկացվեց 1995-ին, չհասկացվեց նաև 2005-ին, երբ փոփոխություններ էին կատարվում Սահմանադրության մեջ՝ դատարկ տեղամասերում: Այսօր էլ առանձնապես չեմ նկատում, որ ոչ վաղ անցյալից դասեր ենք քաղել՝ չնայած դեռ վիճակը հնարավոր է շտկել:
Սահմանադրության նկատմամբ հանրային անվստահության ևս մեկ պատճառ կա:
Մեր տիպի երկրներում իշխանությունների կողմից սահմանադրությունը, օրենքը չեն ընկալվում քաղաքացու ազատությունների, իրավունքների գերկայաության համատեսքտում: Իշխանավորն օրենքը հիշում է, երբ պետք է պաշտպանվի մարդուց, մերժի մարդուն, ու նույն ջանասիրությամբ անտեսվում է օրենքը, եթե այն խաանգարում է որևէ պաշտոնյայի քմահաճույքին, «ախորժակին»:
Սահմանադրության ու մյուս օրենքների կամայական ու ընտրողական կիրառումը ծնել են հանրային ոչ ադեկվատ ընկալում այն մասին, որ օրենքն իշխանավորի, օլիգարխի, հարուստի ու զոռբայի համար է, իսկ սովորական մարդիկ նույն այդ օրենքի զոհերն են:
Էլ չեմ ասում այն մասին, որ քաղաքացին ամեն ընտրության ժամանակ համոզվում է, որ իր քվեն արժեք չունի՝ ավելի օտարվելով պետությունից ու նրա հետ ասոցացվող ցանկացած բանից:
Քանի դեռ այս տրամադրությունները գերիշխում են, «սահմանադրություն», «սահմանադրական փոփոխություն», «հանրաքվե» կատեգորիաներն ընդամենը ծիծաղ են առաջացնում մարդկանց մոտ՝ ավելի հաստատուն դարձնելով Հայաստանում շրջող անվստահության մթնոլորտը…
Սուրեն Սուրենյանց