Հայկական բանակն ի զորու է պաշտպանելու իր հայրենիքն ու յուրաքանչյուր թիզ հողը, եթե Արցախին ինչ-որ վտանգ սպառնա: Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում հաջողությունների ա ռաջին նախապայմանը վստահության ամրապնդման միջոցառումներն են։ Եվ նախագահների հանդիպման օրերին, նաև մի քանի օր առաջ լարված էր իրավիճակը, այսինքն՝ կրակոցների թիվը շատացել է։ Եթե մեր հարևանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի երկու երկրների միջև, դրանից հետո միայն մնացած հաջողությունները կլինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

 

Սեյրան Օհանյանի խոսքով՝ հարցերի լուծման վերջնագծում երկխոսության պայմանների ստեղծումն է: «Այդ պայմաննների ընթացքում մենք պետք է կարողանանք հիմնավորել այն իրավիճակը, որ այսօր գոյություն ունի, և յուրաքանչյուր փոփոխություն պետք է, անկասկած, ռազմական, փորձագիտական գնահատականի արժանանա: Իսկ եթե Արցախին ինչ-որ վտանգ սպառնա, յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք: Յուրաքանչյուր թիզ հողի»,-շեշտեց նա:

 

Սեյրան Օհանյանը փաստեց, որ մեր երկիրը միշտ կողմնակից է վստահության ամրապնդմանը, սակայն միշտ էլ հակառակորդի, մեր հարևանների կողմից բացասական պատասխան է եղել: «Մի քանի անգամ մենք միակողմանի ենք իրականացրել այդպիսի միջոցառումներ՝ մեր կողմից չպատասխանելով ոչ մի կրակոցի, միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելով, նաև միակողմանի հետաքննության անցկացման միջոցառումներով: Ցավոք, մեր հարևանների կողմից դա բացասական պատասխանի արժանանուում»,-հավելեց նա:

 

Փարիզի Մարինյի պալատում ավարտվել են Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: