Գերմանական Ֆրեդրիշաֆեն քաղաքի ուսումնարանի ինտեգրացիոն գործընթացներին առնչվող դասագրքում հայտնված ծաղրանկարը զայրացրել է Գերմանիայի թուրքերին: Զայրույթի պատճառն այն է, որ գերմանական Frankfurter Allgemeine պարբերականից վերցված և գրքում արտատպված ծաղրանկարում պատկերված շանն անվանել են Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է թուրքական Haberler.com-ը:
Գերմանաբնակ թուրքերը պահանջել են գրքից հանել իրենց նախագահին վիրավորող ծաղրանկարը, որը վերաբերվում է գերմանական հասարակությանը թուրքերի ինտեգրվելու 50 տարիներին: Ֆրեդրիշաֆենում գործող թուրքական սպորտային ակումներից մեկի նախագահ Նուրի Այը, խոսելով ծաղրանկարի մասին, նշել է, որ եթե այն կարող էր ընդունելի լինել թերթերում կամ ամսագրերում, ապա դա անհասկանալի է դասագրքի պարագայում:
«Աննորմալ մի իրավիճակ է, երբ դպրոցական դասագրքում հայտնվում է այնպիսի մի ծաղրանկար, որտեղ Թուրքիայի նախագահի անունը դրված է շան բնի վրա, որտեղ էլ կապված է շունը»,-նշել է Այը' հավելելով, որ դա Էրդողանի նկատմամբ ստորացուցիչ քայլ է, որը կարող է թունավորել երիտասարդ ուղեղները: