Աշխարհի 80 երկրներից շուրջ 15 հազար մարդ է մեկնել Սիրիա և Իրաք, անդամագրվելու «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորման եւ արմատական ահաբեկչական այլ կազմակերպությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է Guardian հրատարակությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցը, որի բովանդակությունը հայտնի է դարձել լրագրողներին:

 

Ինչպես ասված է զեկույցում, ծայրահեղականների շարքերը համալրածների թվում կան այն երկրներից սերվածներ, որոնք նախկինում երբեք չեն բախվել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապված խնդիրների: Նրանց շարքին կարելի է դասել Չիլիի, Նորվեգիայի և Մալդիվյան Հանրապետության քաղաքացիներին: «Կան նաեւ այն բանի օրինակներ, որ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից ժամանած զինյալները համատեղ գործողություններ են իրականանում»,-նշվում է զեկույցում:

 

«Ալ Քաիդա» խմբավորման ակտիվության անկումը, զեկույցի տվյալների համաձայն, հանգեցրել է արմատական տրամադրությունների աճի և ավելի հզոր ահաբեկչական խմբավորումների ստեղծման, ինչպես, օրինակ, ԻՊ-ն: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ մյուս երկրներում ահաբեկչական գործողությունների կազմակերպումը գերակայություն չէ այդ խմբավորումների համար: Սակայն ներկայում ռեկորդային թվով երկրներ կարող են բախվել այն զինյալներից բխող սպառնալիքին, որոնք հայրենիք են վերադառնում Իրաքում և Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելուց հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: