ԱՄՆ-ի իշխանությունները սպառնացել են նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, եթե չկատարվեն Մինսկի համաձայնությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters-ին, Վաշինգտոնում հերթական անգամ ընդգծել են, որ չեն ճանաչում Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում անցկացված ընտրությունները:

 

«Եթե Մոսկվան շարունակի անտեսել Մինսկում ստանձնած պարտավորությունները եւ շարունակի իր ապակայունացնող եւ վտանգավոր գործողությունները, Ռուսաստանի համար դրա գինը կմեծանա»,- հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բեռնադետ Միհենը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնում անհանգստացած են Ռուսաստանի ԱԳ նախարարության այն հայտարարությունից, որ Մոսկվան այդ ընտրությունները կայացած է համարում:

 

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին նոյեմբերի 3-ին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը ճանաչի ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում անցկացված ընտրությունները, ապա դա կհանգեցնի նրա հետագա մեկուսացմանը: «ԱՄՆ-ը չի աշխատի այդ անօրինական քվեարկության արդյունքում ընտրված ղեկավարներից եւ ոչ մեկի հետ»,- նրա խոսքը մեջբերել է Associated Press-ը: Բացի այդ, Պսակին նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Դոնբասի տարածքում անցկացված քվեարկության արդյունքները չճանաչելու Եվրամիության, ՄԱԿ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի որոշումները: