Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող պետական պաշտոնյաներին ուղղված հետաքննության մեջ նոր զարգացում է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Թարաֆ» թերթը, այն բանից հետո, երբ Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրեց Դինքի սպանության գործով անցնող' այն ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթթին Ջեռահի, Ալի Ֆուաթ Յըլմազերի հետ այլ պաշտոնյաների հարցաքննությունը, գործը քննող Ստամբուլի դատարանը որոշել է միացնել Տրապիզոնում եւս անցկացվող պետպաշտոնյաների հարցաքննությունները: Այսինքն, գործով անցնող բոլոր պետպաշտոնյաները, այդ թվում նաեւ Տրապիզոնի հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, այն ժամանակ Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը, ոստիկանության հետախուզական վարչության ղեկավարներից Էնգին Դինչը, Ֆարուք Սարըն, Էրջան Դեմիրը, Օզքան Մումջուն, Մուհիթթին Զենիթը, Մեհմեթ Այհանը այսուհետեւ հարցաքննվելու են միեւնույն' Ստամբուլի հանրապետական դատախազությունում:
Դրանք այն պաշտոնյաներն են, որոնք կասկածվում են Դինքի սպանության մասին նախապես տեղեկացված լինելու, սակայն, պաշտոնեական պարտականությունները կատարելու գործում թերանալու մեջ:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին' հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ' 22,5 տարվա ազատազրկման: Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ: