Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերը Արեւմտյան Աֆրիկայում մոլեգնող Էբոլայի համաճարակը համարում է «այսօրվա դրությամբ ամենալուրջ հիմնախնդիրներից մեկը», որը ստիպում է մարդասիրական կազմակերպությանն ակտիվացնել ջանքերն այդ չափազանց վտանգավոր հիվանդության դեմ մղվող պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Մենք Կարմիր խաչի ազգային ընկերությունների միջոցով օգնություն ենք ցուցաբերում համաճարակից տուժած երկրների առողջապահության համակարգերին եւ սեփական գործունեությունն ենք իրականացնում,- նշել է Մաուերը:- Մենք կազմակերպում ենք Կարմիր խաչի կամավորների ուսուցումը, աջակցում ենք «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատանքին, կարգավորում ենք Էբոլայի բուժմամբ զբաղվող հիվանդանոցների ջրամատակարարման աշխատանքը: Ոչ մի կասկած չկա, որ դա լուրջ ճգնաժամ է, որն էլ ավելի է ծավալվում, եւ հիվանդացածների թիվն օրեցօր ավելանում է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել է Արեւմտյան Աֆրիկայի՝ Էբոլայի համաճարակից առավել տուժած երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, տենդի բուժման համար բուժանձնակազմի անբավարարության մասին: Ինչպես լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, Էբոլայի բուժման կենտրոններում անհրաժեշտ 4707 մահճակալի փոխարեն գործում է դրանց միայն 22 տոկոսը, ինչը մասամբ պայմանավորված է արտասահմանում անհրաժեշտ թվով բժշկական բրիգադներ գտնելու դժվարություններով: