Արեւմտյան Աֆրիկայի երկրներում առայժմ չի հաջողվում կանգնեցնել Էբոլա տենդի տարածումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի Սենատի հատկացումների կոմիտեում կայացած լսումների ժամանակ հայտնել է պետքարտուղարի առաջին տեղակալ Հիզեր Հիգինբոտոմը:
«Մենք տեսնում ենք առանձին հուսադրող նշաններ, բայց ակներեւ է, որ համաճարակն առայժմ չի վերահսկվում»,- նշել է նա: Հիգինբոտոմը հավելել է, որ «ԱՄՆ-ում հիվանդության մի քանի դեպքերը ցույց տվեցին, որ այն ազգային անվտանգության հարց է»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ Էբոլա տենդից մահացածների թվաքանակը գերազանցել է 5 հազարը:
ԱՀԿ-ի՝ նոյեմբերի 9-ի տվյալներով, վիրուսից առավել տուժած արեւմտաաֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, մահացել է 5147 մարդ:
Ընդամենը վիրուսի զոհ է դարձել արդեն 5160 մարդ: Դրանով վարակվել է 14 հազար 98 մարդ:
Էբոլայով հիվանդացածների թվի կտրուկ աճ է դիտվել Սիեռա Լեոնեում, որտեղ նոյեմբերի 9-ին նախորդած շաբաթվա ընթացքում հիվանդությունը հաստատվել է 421 մարդու մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: