Ամերիկացի գիտնականները շուտով Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին լիարժեք փորձարկումները կսկսեն Արեւմտյան Աֆրիկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հաղորդագրության մեջ:
«Կենտրոնի գիտնականները համագործակցելու են Լիբերիայի եւ Սիեռա Լեոնեի կառավարությունների հետ, որպեսզի սկսեն ZMapp եւ TKM-100-802 երկու պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները, որոնք մշակվել են համապաստախանաբար ԱՄՆ-ում եւ Կանադայում»,- նշել են փորձագետները:
«Էբոլայի դեմ արդյունավետ պատվաստանյութը կարող է միլիոնավոր կյանքեր փրկել եւ օգնել հսկողության տակ առնելու համաճարակը»,- ընդգծել է Ալերգիկ եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները վկայում են, որ աշխարհում Էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել է 8 հազար 641-ի, վարակված է 21 հազար 724 մարդ:
Ինչպես ընդգծում է ԱՀԿ-ն, Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Լիբերիայում, Գվինեայում եւ Սիեռա Լեոնեում, հիվանդության տարածման տեմպերը «շարունակում են դանդաղել»: Անցած շաբաթվա ընթացքում Գվինեայում գրանցվել է հիվանդանալու 20, Լիբերիայում՝ 8, եւ Սիեռա Լեոնեում՝ 117 դեպք: Արեւմտյան Աֆրիկայում համաճարակի ընթացքում հիվանդացել է 828 բուժաշխատող, որոնցից 499-ը մահացել են, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: