Իրանի մաքսատների եւ տարանցումների գրասենյակի տնօրեն Մուհամեդ Ջավադ Արթչիյանը հայտարարել է, որ նոյեմբերի վերջից սկսած իրանական կողմը դադարեցնում է Իրանի տարածքում վառելիքի վաճառքը թուրքական բեռնատարներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրանական պաշտոնական IRNA լրատվական գործակալությանն արած հայտարարության մեջ իրանցի պաշտոնյան նշել է, որ երկու երկների միջեւ «վառելիքի գների տարբերությամբ» սկսված եւ արդեն որոշ ժամանակ շարունակվող տարանցումների հետ կապված խնդրից հետո կիրառվելու է այն առաջարկը, որով պետք է Իրան մուտք գործելու պահին կնքվեն թուրքական բեռնատարների վառելիքի բաքերը:

 

Նրա խոսքով' նոյեմբերի վերջից սկսած Իրանի տարածքում արգելվելու է վառելիք վաճառել կամ լցակայաններում վառելիքով լիցքավորել թուրքական համարանիշերով բեռնատարները:

 

Իրանում բեռնատարների համար նախատեսված վառելիքը, Թուրքիայում եղածի համեմատ, մի քանի անգամ էժան է, ինչի պատճառով, իրանական կողմը թուրքական բեռնատարների համար երկու անգամ բարձրացրել է վառելիքի գինը:

 

Իրանական կողմի որոշումը պաշտոնյան հիմնավորել է այն բանով, որ Թուրքիան իրանական բեռնատար ավտոմեքենաների համար յուրաքանչյուր 100 կմ-ի դիմաց 50 եվրո է պահանջում վճարել, բայց միաժամանակ չի թույլատրում, որպեսզի իրանական ավտոմեքենաները վառելիք գնեն իր տարածքում:

 

Թուրքական կողմի մեղքով Թուրքիայի եւ Իրանի միջեւ այդ ճգնաժամը ծագել է այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը երկու անգամ մեծացրել է իրանական բեռնատար ավտոմեքենաների համար 1994 թվականին երկկողմանի համաձայնությամբ հաստատված հարկի չափը' խախտելով երկկողմանի պայմանավորվածությունները:

 

«Եթե իրանական կողմը նախկինում տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների համար վճարում էր 750 դոլար, ապա այժմ այդ գումարը կազմում է 1500 դոլար», -նշել է իրանական աղբյուրը: