Եվրասիական տնտեսական միությունում որոշումները կայացվում են փոխզիջման հիման վրա' անկախ պետության մեծությունից, և Հայաստանը որպես լիիրավ անդամ ձայնի և վետոյի իրավունք ունի:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նոյեմբերի 13-ին ԵՊՀ-ում կազմակերպված «Հայաստանի Եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովում նշեց Ղազախստանի Հանրային քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սերիկ Կոժկենովը:

 

Փորձագետի խոսքով' Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը թույլ է տալիս անդամ երկրներին պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել երրորդ երկրների հետ, եթե դա համապատասխանում է իրենց' ԵՏՄ պայմանագրային պարտավորություններին: Հայաստանի Հանրապետության համար առաջնային պետք է լինեն ազգային տնտեսական, ներքաղաքական և արտաքին քաղաքական շահերը' միության շրջանակներում:

 

«Եթե Հայաստանը կարողանա կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ակտիվորեն օգտագործել ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, ապա այդ կերպ իր ներդրումը կունենա միությունում' միաժամանակ մեծացնելով երկրի մրցունակությունը»,- ասաց Կոժկենովը' հավելելով, որ Հայաստանի ուժեր կողմերն են նաև ինտելեկտուալ կապիտալը և մարդկային ներուժը:

 

Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն Տամարա Գուզենկովայի կարծիքով' տնտեսական միության մյուս անդամ երկրներին կարող է հետաքրքիր լինել հայաստանյան փորձը' փոքր և միջին ձեռներեցության ոլորտում: Նրա խոսքով' մասնավորապես, Ռուսաստանը ավելի շատ ուշադրություն է դարձրել խոշոր բիզնեսներին և այս տեսանկայունից հայկական փորձը կարող է օգտակար լինել ՌԴ-ի համար: