ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներում սառնամանիքի ու ձյան տեղումների պատճառով զոհվածների թիվը հասել է առնվազն տասի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CNN հեռուստաընկերությունը: Վերջին երկու զոհերը եղել են Բուֆալո քաղաքի բնակիչները, որոնք տառապում էին հոգեկան խանգարումներից: Նրանք մահացել են ցրտահարվելուց:
Ձյան առատ տեղումները, որոնք այս շաբաթ գրանցվել են երկրի հյուսիս-արեւելքում, հանգեցրել են բազմաթիվ ավտոմայրուղիների փակման, սոցիական ծառայությունների աշխատանքի ընդհատումների եւ ճանապարհների խցանումների: Սակայն դրանից հատկապես տուժել են Բուֆալոյի բնակիչները, որտեղ ձյան ծածկույթի բարձրությունը տեղ-տեղ հասնում է երկու մետրի: Շենքերից մի քանիսում ձյունն ամբողջովին ծածկել է մուտքի դռներն ու պատուհանները: Ձյան գերության մեջ են հայտնվել նաեւ շուրջ 150 ավտոփոխադրամիջոցներ, ներառյալ այն ավտոբուսը, որը փոխադրում էր վոլեյբոլի կանանց թիմին:
Ձյան տեղումների պատճառով Ֆուտբոլի ազգային լիգան չեղյալ է հայտարարել նաեւ կիրակի օրը պլանավորված մրցախաղը «Բուֆալո բիլզ»-ի եւ «Նյու Յորք ջեթս»-ի միջեւ, քանի որ «Ռալֆ Ուիլսոն» մարզադաշտը, որտեղ նրանք մրցելու էին, ներկայում ծածկված է ձյունով:
Օդերեւութաբանները կանխատեսում են, որ առաջիկա մեկ-երկու օրը ձյան տեղումները կշարունակվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: