Հնդկաստանի հյուսիսում հաստատված աննախադեպ ցուրտ եղանակի պատճառով վերջին մի քանի օրվա ընթացքում, ներառյալ անցած գիշերը, ցրտահարությունից առնվազն 92 մարդ է մահացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին, երկրի բազմաթիվ շրջաններում ջերմաստիճանային նվազագույն ցուցանիշները գե րազանցել են անցած տարիների ռեկորդները: Զոհերն առավել մեծ թիվ են կազմում Ութար-Փրադեշի նահանգում, որն առավել խտաբնակ եւ ընդսմին տնտեսապես ամենահետամնաց նահանգներից մեկն է: Սովորաբար ձմռանը ջերմաչափի սյունը ցած չի իջնում 4 աստիճանից, բայց անցած գիշեր այն ընկել է մինչեւ ռեկորդային 1,8 աստիճան:

 

Նահանգի իշխանություններն արդեն ավելի քան 10,6 մլն ռուփի (մոտավորապես 170 հազար դոլար) են հատկացրել անտունների ժամանակավոր կացարանի կազմակերպման, վառելիքի ու վերմակների մատակարարման համար:

 

Հնդկաստանի համար էքստրեմալ ցրտերի հետ միասին երկրի հյուսիս են եկել նաեւ թանձր մառախուղներ: Դրանք խախտել են ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային եւ օդային հաղորդակցությունը: Այսպես, Նյու Դելիում ուշացել կամ հետաձգվել են 150-ից ավելի ավիաչվերթներ, խախտվել Է 100-ից ավելի գնացքների չվացուցակը: Լակնահուում՝ Ութար-Փրադեշի մայրաքաղաքում, մառախուղի պատճառով 10-12 ժամով ուշացել է 150-ից ավելի գնացքների մեկնումը:

 

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին եղանակի լավացում չի սպասվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: