ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանատունը FlyDubai ընկերության չվերթի ուղեւորներին ապահովել է հյուրանոցներով եւ սնունդով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Ուղեւորները կացարանով եւ սնունդով ապահովված կլինեն մինչ այն պահը, երբ ինքնաթիռը թռչի Երեւան»,- ասել է Տիգրան Բալայանը: Նշենք, որ խոսքը 60-70 ուղեւորների մասին է:

Միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 24-ի առավոտյան, երբ Դուբայ-Երեւան չվերթի ուղեւորները, գալով օդանավակայան, պարզել էին, թե ինքնաթիռի չվերթը հետաձգվում է երեք օրով: Ուղեւորներին առաջարկել էին գալ երեք օր անց: Ընդ որում, FlyDubai ընկերությունը որոշել էր, թե ուղեւորներին կացարանով եւ սնունդով ապահովելն իր գործը չէ, իսկ ընկերության ներկայացուցիչը հրաժարվել էր կապի մեջ մտնել: Միայն դեսպանատան միջամտության շնորհիվ է հարցը կարգավորվել: