Ավստրալական Բրիսբենը պատուհասած գերհզոր փոթորկից տուժածների թիվը հասել է 39-ի, տարերքի պատճառած վնասը գերազանցել է 100 մլն ԱՄՆ-ի դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ին հաղորդել է տեղի կառավարությունը:

 

Քվինսլենդի նահանգի նահանգապետ Քեմփբել Նյումենը նշել է, որ տուժածների վերքերը ծանր չեն, այդ թվում՝ այն տասը մարդկանց, ովքեր հոսպիտալացվել են: Տուժածներից մեկը շտապօգնության աշխատակցուհի է. վիթխարի կարկտահատիկները ջարդել են կանչով մեկնած ավտոմեքենայի ապակին: Ականատեսները նշում են, որ Բրիսբենում առանձին կարկատահատիկներ հասել են թենիսի գնդակի չափերի:

 

Քաղաքում գրանցվել Է էլեկտրահաղորդման գծերի մի քանի հարյուր խզում՝ կապված քամու պոռթկումների հետ, որոնք հասել են ժամում 140 կիլոմետրի: Ըստ վերջին տվյալների՝ առանց լույսի է մնում 65 հազար տուն:

 

Քամին պոկում է շենքերի տանիքները եւ շրջում թեթեւ շարժիչավոր ինքնաթիռներն օդանավակայաններում: Խորհրդարանի մերձակայքում եւ մոտակա բուսաբանական այգիներում արմատախիլ են եղել ու կոտրվել գրեթե բոլոր ծառերը: ABC հեռուստաալիքը նշել է, որ կարկտից եւ հորդառատ անձրեւից վնասվածք է ստացել նաեւ այն դահլիճը, որտեղ մեկ շաբաթ առաջ հանդիպում են անցկացրել G20-ի ղեկավարները:

 

Ճանապարհները կուտակումներից մաքրելու համար նահանգապետը գործի է դրել շուրջ հարյուր զինծառայողների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: