Լիբանանի Ռաս Բաալբաք շրջանում «Իսլամական պետության» հետ բախումների հետևանքով լիբանանյան բանակի 6 զինվոր են զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, լիբանանյան բանակի հրամանատարությունը տեղեկացրել է, որ բանակը դեկտեմբերի 2-ին կեսօրից հետո զինված ահաբեկչական խմբավորման կողմից հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել:
Զինված բախումները Ռաս Բաալբաքի Թալել Համրա շրջանում շարունակվել են մինչև ուշ գիշեր: Բանակը ռմբակոծել է ահաբեկիչների հենակետերի ուղղությամբ:
Վիրավորների և զոհվածների դիակները տեղափոխվել են հիվանդանոց, վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամը ցավակցություն է հայտնել զոհված զինվորականների ընտանիքներին: