Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը դեկտեմբերի 5-ին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի, ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Գուրգեն Եղիազարյանի, քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանի, սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանի հետ ներկա էին Արալեզ գյուղի համայնքապետ Մարտին Թեվոնյանի ներկայացրած հաշվետվությանը: Հյուրերը նաեւ եղան համայնքի դպրոցում գործող նախակրթարանում, շրջեցին խմբասենյակներում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, համայնքապետը նշեց, որ Արալեզում 2014թ. բյուջեն կատարվել է 100 տոկոսով: Համայնքի բոլոր փողոցներն ունեն գիշերային լուսավորություն, հիմնանորոգված եւ արդիականացված է բուժամբուլատորիան' հագեցած համապատասխան բժշկական սարքավորումներով: Աշխատանքներ են տարվում դպրոցական ճաշարանը պատշաճ վիճակի բերելու եւ սարքավորումներով ու սպասքով համալրելու համար' մարտի 1-ից գործող «Տաք սնունդ» ծրագրի մեկնարկի ժամկետին պատրաստ լինելու նպատակով:
Գյուղում համայնքի ուժերով կառուցվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշահամալիրը: Համայնքում գործում են վոկալի եւ դաշնամուրի դասարանները, ֆուտբոլային թիմ, «Զարթոնք» պարային համույթը, «Ոսկեծղի» աշակերտական խորհուրդը:
Առկա դրական տեղաշարժերից զատ, համայնքապետը նշեց նաեւ այն խնդիրների մասին, որոնք սպասում են իրենց լուծմանը. դպրոց տանող 870 մետր ճանապարհն ասֆալտապատ չէ, համայնքը չունի մանկապարտեզ, մշակույթի տունը չի ջեռուցվում:
Մարզի ղեկավարը խոստացավ, որ մարզպետարանի համապատասխան վարչությունների եւ բաժնի պետերի անմիջական մասնակցությամբ մարզպետարանում կքննարկվեն բոլոր հարցերը եւ առաջնահերթության սկզբունքով, ժամանակին կստանան անհրաժեշտ լուծումները: Միաժամանակ, մարզպետը հորդորեց, որպեսզի դպրոցներում էլ ավելի բարձրացնեն ուսման որակը, առողջապահական, սոցիալական ոլորտի կառույցները բարելավեն բնակիչների սպասարկման որակը, որպեսզի ոչ մի բնակիչ դժգոհ չլինի:
Լիլիթ Մաճկալյան