ԱՄՆ-ն չի պատրաստվում Իրանի հետ բանակցություններ վարել երկար ժամանակ և մտադիր է նրա միջուկային հիմնախնդիրը կարգավորել 3-4 ամսից: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընդգծել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին՝ դեկտեմբերի 7-ին Վաշինգտոնում ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտի կողմից կազմակերպված համաժողովում, որը նվիրված էր ԱՄՆ-ի և Իսրայելի փոխհարաբերություններին և Մերձավոր Արևելքի դրությանը: «Մենք մտադրություն չունենք անվերջ բանակցություններ անցկացնել»,- նախազգուշացրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Նա նկատի է ունեցել «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամների ու Գերմանիայի) և Իրանի բանակցությունները:
Ինչպես նշել է Քերին, կողմերի միջև պահպանվում են «էական տարակարծություններ»: «Մենք չգիտենք՝ կկարողանանք արդյոք հասնել առաջադրված նպատակին»,- խոստովանել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Դրա հետ մեկտեղ նա հայտնել է, որ վերջին շաբաթներին «վեցյակի» և Իրանի կողմից դիտարկվում են «նոր գաղափարներ», որոնք, հնարավոր է՝ կօգնեն հաղթահարելու մնացած հակասությունները:
«Մենք յոթ ամսվա կողմնորոշում չունենք»,- նշել է Քերին՝ մեկնաբանելով բանակցային գործընթացի երկարացումը: «Մեր նպատակը երեք-չորս ամիսն է, նույնիսկ ավելի քիչ, եթե դա հնարավոր լինի»,- ճշտել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: