Հալեպում դեկտեմբերի 9-ի առավոտյան զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ է դարձել ոսկերիչների շուկան՝ «Ֆարհաթ» հրապարակը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Մեծ տակառից պատրաստված հրթիռն ընկել և պայթել է շենքի վրա, որի վերջին հարկը հայի բնակարան է, իսկ մնացածը՝ հայ ոսկերիչների գործարան: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել, վնասները միայն նյութական են:

 

Պայթյունի պատճառով վնասվել է շենքի մոտ գտնվող Հայ Կաթողիկե առաջնորդարանը, հրապարակում գտնվող եկեղեցիները, բնակարաններն ու խանութները: Շրջանն արդեն բնակչությունից ոչ ամբողջական ամայացած է, մեծ թվով հայեր ավելի ապահով շրջաններ են տեղափոխվել:

 

Հին Հալեպի շրջանը մշտապես բախումների, հրասանդների և հրթիռակոծության կենտրոն է: Հետևաբար, այնտեղ գտնվող Ազգային առաջնորդարանը, Ս. Քառասնաց Մանկանց մայր եկեղեցին և նրա մոտ գտնվող շրջանները ևս ինքնաբերաբար կարող են հայտնվել հրթիռների թիրախում:

 

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ին, հետմիջօերից հետո, ուժգին պայթյունը ցնցել է Հալեպ քաղաքը: Զինված խմբավորումների կողմից իրականացված պայթյունը որոտացել է Հալեպի պատմական բերդի մերձակայքում գտնվող Սուլթանիե մզկիթի մոտ, որի հետեւանքով նյութական և ֆիզիկական վնասներ են արձանագրվել: Պայթյունը երկրաշարժի է նմանվել և քաղաքն ամբողջությամբ ցնցվել է:

 

Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: Զոհված հայերի թիվը գերազանցում է 100-ը: