Հայաստանի մշակույթի նախարարության համար շատ կարևոր է միջազգային հարթակներում հայկական մշակութային արժեքների հանրահռչակումը: Ազգային ժողովում «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները եւ դրանց կարգավորման մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

 

 

«Մեզ համար մեծ կարևորություն ունի մեր մշակութային ժառանգությունը միջազգային հարթաներում հանրահռչակելու հարցը, որովհետև միջազգային հարթակները, մանավանդ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակները, դարձել են քաղաքական կռվան ապահովելու հարթակներ: Մենք այս վերջին 3-4 տարիների ընթացքում ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտը օրենսդրորեն լիարժեք կարգավորել ենք և շատ ակտիվ գործում ենք մեր մշակութային ժառանգությունը դրսում հանրահռչակելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պողոսյանը:

 

Նա ընդգծեց, որ այս առումով վերջին լավագույն հաջողությունն էր «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևսրումները Հայաստանում» խորագրով ոչ նյութական մշակութային ժառանգության հայտը, որով լավաշն անցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակի մեջ: Փոխնախարարի խոսքով՝ այս հաջողությունը լրացրեց մինչ այդ Հայաստանի ունեցած հաջողությունների ցանկը:

 

«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ ստանալով փորձագիտական մարմնի 6 փորձագետների դրական եզրակացությունը: