Երեւանում Հայաստանի եւ Լատվիայի արտաքին գործերի նախարարները հանդիպում են երրորդ անգամ եւ շեշտում, որ երկու երկրների հարաբերություններում նկատվում է դինամիկ աճ եւ զարգացում: Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչի գնահատմամբ' Երեւան այցելության հիմնական նպատակն է հայ գործընկերոջ հետ քննարկել Լատվիայի' ԵՄ նախագահության ժամանակահատվածում առկա առաջնահերթություներն ու Արեւելյան գործընկեր ության ծրագիրը:

 

«2015թ. Արեւելյան գործընկերության շրջանակում Ռիգայի գագաթնաժողովը կարող է լինել կարեւոր փուլ, որտեղ ԱլԳ երկրներն անհատական փոխհարաբերություններ կզարգացնեն ԵՄ-ի հետ:

 

Կարող ենք այնպիսի ձեւ ընտրել, որ Հայաստանը, որպես երկիր, որ ԵՏՄ անդամ է, կարողանա համագործակցել ԵՄ-ի հետ: Այս առումով անհրաժեշտ ճանապարհային քարտեզ կմշակվի, նոր պայմանագիր կստեղծվի եւ կշարունակվի երկխոսությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Էդգարս Ռինկևիչը' հավելելով, որ մինչ Ռիգայի գագաթնաժողովը, հարցը կքննարկվի նաեւ հաջորդ տարվա հունվարին Բրյուսելում ՀՀ-ԵՄ խորհրդի նիստ շրջանակում:

 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատմամբ էլ' հայ-լատվիական երկկողմ հարաբերություններն ու այցելությունները շատ են: Նալբանդյանի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են տնտեսական համագործակցության զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության հարցեր, ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլն ու Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսակետերն ու ջանքերն այդ հարցի շուրջ:

 

2013թ. նոյեմբերին Վիլնյուսում ԱլԳ շրջանակում կայացած գագաթնաժողովի ժամանակ Հայաստանն ու ԵՄ-ն հանդես էին եկել հայտարարությամբ, որը միտված էր հարաբերությունների զարգացմանը եւ համագործակցությանը: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի կարող խոչընդոտել համագործակցությանը Եվրամիության հետ եւ պատարստ է համագործակցության առաջարկներ ներկայացնել: