Այս տարի աշխարհի 38 երկրում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս 128 լրագրող է սպանվել' հերթական անգամ փաստելով, որ լրագրությունն աշխարհի ամենավտանգավոր մասնագիտություններից մեկն է:
Լրագրողներից 9-ը սպանվել են Ուկրաինայում' ռազմական գործողությունները լուսաբանելու ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների անվտանգության հարցերով զբաղվող Press Emblem Campaign (PEC) անկախ կազմակերպությունը դեկտեմբերի 15-ին հանդես է զեկույցով եւ ներկայացրել լրագրողների համար վտանգավոր երկրների ցանկը:
Համաձայն ցուցակի, Ուկրաինան գտնվում է 5-րդ տեղում: РЕС-ն լրագրողների համար ամենավտանգավոր վայրը 2014-ին ճանաչել է Գազայի հատվածը, որտեղ Իսրայելի իրականացրած «Պաշտպանական եզր» ռազմական գործողությունների հետևանքով 16 լրագրող է զոհվել:
Ցուցակում հաջորդը Սիրիան է, որտեղ ԶԼՄ-ների 13 աշխատակից է զոհվել: Դրան հետևում են Պակիստանը (12 զոհ) և Իրաքը, որտեղ 10 լրագրող է սպանվել, այդ թվում' «Իսլամական պետության» զինյալների կողմից գլխատվածները: Վարկանշային ցուցակի 6-րդ տեղում հայտնվել է Մեքսիկան, որտեղ 8 մարդ է զոհվել, 7-րդ տեղում Աֆղանստանը (6 զոհ), 8-րդ տեղում' Հոնդուրասը (5 զոհ), 9-րդ տեղում' Սոմալին (5 զոհ), 10-րդ տեղում են Բրազիլիան և Հարավաֆրկյան Հանրապետությունը' 4-ական զոհով:
РЕС-ի անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերջին 9 տարում 1038 լրագրող է սպանվել: